tert.am: Եվրոպական միությունը այսօրվա դրությամբ որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակում: Այս խնդիրը մեկուկես տարվա խնդիր չէ, չի առաջացել վերջերս, պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական միություն՝ չվերթներ իրականացնելու, և վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ:
Հարցին՝ արդյոք խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել է Եվրոպական միությա՞նը, և վերջինիս սահմանած անվտանգության ստանդարտներին չի՞ համապատասխանել, Ռևազյանն ասաց.
«Իրականում, կարող է մի քիչ տարօրինակ բան ասեմ՝ ավելի լավ էր այսպես, որ «Տարոն Ավիա»-ն դիմեց, ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես ևս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ»:
Նա ընդգծեց, թե «Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով:
Ռևազյանի խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է զարգացումը, դրա համար որոշել է այսօրվա դրությամբ որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ չգցել: «Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մամուլում մեկնաբանությունը մի քիչ սխալ ուղղությամբ է գնացել. միջազգային մամուլում գրված է, որ 115 ավիաընկերություն սև ցուցակում է հայտնվել, բայց Հայաստանի հանդեպ հսկողությունն ավելացել է, այստեղ շեշտն այդ 115-ի վրա չեն դրել, այլ հենց Հայաստանի: Եղել է մամուլի խնդիրը, ոչ թե մեր ու ԵՄ-ի հետ կապված խնդիրները»,-նշեց Ռևազյանը:
«Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, և այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք մեր բոլոր խնդիրներն ասել ենք, բայց միաժամանակ ներկայացրել ենք առաջարկվող լուծումներ և ժամկետներ: Այժմ պետք է այդ ժամկետներում տեղավորվենք և ցույց տանք պրոգրես: Հնարավոր է՝ ԵՄ-ից գնան ավիաընկերությունների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Ռևազյանը՝ ընդգծելով, որ խնդիրների առաջացման համար պատճառ են դառնում նաև քաղավիացիայում աշխատավարձերի ցածր մակարդակները՝ համեմատած մասնավոր ընկերությունների հետ:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)