RElection[#46]  Քվոտավորման կարիքը ունենք, որովհետև կանանց ներգրավվածությունը քսանհինգ տոկոս է. Սոնա Ղազարյան
18:47 - 13 դեկտեմբերի, 2019

RElection[#46] Քվոտավորման կարիքը ունենք, որովհետև կանանց ներգրավվածությունը քսանհինգ տոկոս է. Սոնա Ղազարյան

RElection նախագծի շրջանակում Կուսակցությունների ներառականության մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ:

- Խոսենք ոչ միայն Ազգային ժողովում, այլ նաև արտախորհրդարանական ուժերում՝ կանանց ներգրավվածության մասին: Շատ հաճախ կուսակցությունների կազմում չենք տեսնում կանանց: Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ մենք դեռ խոսում ենք քվոտավորման խնդրի մասին:

- Նախ շնորհակալություն հարցադրման համար:Սա իրապես ինձ համար շատ կարևոր, օրակարգային հարց է և ես մի շարք միջազգային փաստաթղթեր ուսումնասիրելիս՝ հենց քաղաքականություն մուտք գործելու և կուսակցությունների անմիջական կապի մասին, շատ հաճախ տեսել և կարդացել եմ։ Այսինքն՝ կուսակցությունները համարվում են քաղաքականություն մուտք գործելու դարպասները և, այսպիսով, կուսակցություններում կանանց դերը բարձրացնելու համար մենք վերջերս «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ մտածում էինք խթանման տարբեր ձևեր: Եվ  ես կրկին փորձեցի դիմել միջազգային փորձին և հասկանալ, թե այլ երկրներում ինչպես է այն տեղի ունենում:

Հատկանշական է Ֆինլանդիայի օրինակը, որտեղ, բոլոր այն կուսակցություններին, որոնք հայտնվել են խորհրդարանում և օգտվում են պետական օժանդակություններից պարտադիր կերպով, այդ օժանդակության 12 տոկոսը պետք է ուղղեն կանանց՝ կուսակցությունում ներգրավվածության հարցին: Այսպիսով, այդ կապը գոյություն ունի և դրա մասին վկայում են այս բոլոր փաստաթղթերը: Հայաստանի Հանրապետությունում այն ինչ մենք ունենք այսօր, իհարկե, ընդունելի չէ։ Հատկապես, եթե դիտարկում ենք գործադիրը, որտեղ ունենք ընդամենը մեկ կին նախարար, և, եթե չեմ սխալվում, 16 կին փոխնախարար, բայց, եթե մենք մեկ օղակ ավելի ցածր գնանք, տեսնում ենք, որ կանանց ներգրավվածությունն այդտեղ ավելի բարձր է։ Այսինքն որոշում ընդունողների և աշխատանքը կատարողների հարաբերակցություններն էլ ընդունելի չեն, ըստ իս:

Ես կարծում եմ, որ գործադիրում կանանց ներգրավվածության հարցը պետք չէ լուծել քվոտավորմամբ, այլ հանրային ամոթանքի ենթարկելու այդ ինստիտուտի միջոցով, միգուցե: Իսկ խորհրդարանում, այո՛, մենք քվոտավորման կարիքը դեռ ունենք, որովհետև կանանց ներգրավվածությունը ընդամենը 25 տոկոս է։ Այո՛, սա այն է, ինչն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, սակայն նախ մենք ունենք խնդիր՝ բարձրացնել այդ 25-ի շեմը՝ ըստ իս մինչև 40, մինչև անգամ 50 տոկոս: Չէ որ Հայաստանում բնակչության 52 տոկոսը կանայք են։ Բարձրագույն կրթություն ստացած մարդկանց հարաբերակցությունը եթե նայենք, կանայք ավելի շատ են։ Հարց է առաջանում՝ ուր են կորչում այդ կանայք: Բարձրագույն կրթություն ունեցող, խելացի, ուժեղ մտքով տեր մարդիկ, որտեղ են կորչում:

Բայց քվոտավորման հարցը ժամանակավոր գործիք է։ Այսինքն՝ մենք խթանելու ենք քվոտավորման միջոցով կանանց մուտքը , մշակութային փոփոխություն ենք ներարկելու մեր հասարակության մեջ, որպեսզի կանանց ներգրավվածությունը նորմալ ու պարզ երևույթ դիտարկվի: Օրինակ՝ տիկին Լենա Նազարյանը այս քննարկումների ժամանակ հետաքրքիր բան էր ասում․ ինքը խոսել էր արտաքին գործերի նախարարի հետ և առաջարկում էր դեսպանների ինստիտուտը նաև քվոտավորել, որովհետև երբ երկիրը,  արտերկրում ներկայացնում են միայն տղամարդիկ սա էլ է խնդիր, ըստ իս: Այդտեղ նույնպես մենք անելիք ունենք, էլ չասեմ՝ համայնքապետերի մակարդակում։ Եթե չեմ սխալվում կանանց թիվն այդ դեպքում 0.5 տոկոս է:

- Գաղտնիք չէ, որ շատ հաճախ հենց կանայք են խուսափում քաղաքական դաշտ մուտք գործել։ Ի՞նչ անեն այն կուսակցությունները, որոնց գաղափարախոսությունը գրավիչ չէ կանանց համար:

- Իրականում, քաղաքականություն մուտք չգործելու կանանց միտումը ես կապում եմ նախորդ ռեժիմի սերմանած մշակույթի հետ, որովհետև, այո՛, այն ինչ տեղի էր ունենում նախկինում, ես անկեղծ ասած չէի ուզենա և ռիսկ չէի անի այդ շրջանում մուտք գործել քաղաքականություն: Սակայն, հենց այդ համատեքստում  էլ, շատ կարևոր է այն բոլոր կանանց նշանավորել, որոնք այդ միջավայրում նույնպես ռիսկ են արել մուտք գործել քաղաքականություն:

Ես անկեղծ ասեմ․ ինձ համար Լենա Նազարյանը օրինակելի կերպար է եղել երկար տարիներ, որպես մի կին, ով նման միջավայրում ռիսկ է արել մուտք գործել քաղաքականություն: Բայց հիմա մենք, մասնավորապես՝ Ազգային ժողովը, իրապես փորձում ենք դարձնել իսկական քաղաքական մտքերի, դեբատի վայր, որտեղ ես կարծում եմ, որ ցանկացած կին, ով նախընտրել է զբաղվել քաղաքականությամբ, կցանկանա մուտք գործել: Այսինքն, սա բազմաշերտ գործընթաց է, որի արդյունքում ես ակնկալում եմ կանանց ներգրավվածության շատ ավելի մեծ քանակություն:

- Երբ խոսում ենք ներառականության մասին,խոսքը գնում է ոչ միայն կանանց ներգրավվածության մասին, այլ նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և ազգային փոքրամասությունների ներգրավվածության մասին: Այս պարագայում, ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի այդ մարդիկ նույնպես ներգրավվեն քաղաքական դաշտում:

- Ես կարծում եմ, որ այդ մարդկանց շրջանակում, քաջ մարդկանց օրինակին հետևելու մեխանիզմը պետք է աշխատի և ես շատ ուրախ եմ, որ մեր շարքերում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք քաջաբար մուտք գործեցին քաղաքականություն , որտեղ որ նրանց ներկայությունը շատերի համար նորություն էր և նրանք քաջություն գտան նորամուծություն բերել քաղաքական դաշտ:

- Մեր նախորդ զրուցակիցներից շատերը ունեին այս տեսակետը, որ, եթե կառավարող ուժը, ընդդիմադիր ուժերը ևս տասը տարի շարունակեն աշխատել այս տեմպով, այլևս կարիք չի լինի խոսել քվոտավորման մասին: Կիսու՞մ եք այս կարծիքը, թե ոչ:

- Տեսեք, մենք պետք է շատ գենդերազգայուն մոտենանք այս ձևակերպմանը։ Ասեմ ինչու, որովհետև մենք կարծրատիպերով առաջնորդվելով՝ միշտ քվոտավորում, որ ասում ենք, պատկերացնում ենք՝ կանանց համար է։ Մինչդեռ օրենքը շատ գենդերազայուն է գրված, որտեղ հստակ նշվում է, որ սեռերից ոչ մեկը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Եթե մենք այս տեմպերով, կանանց ներգրավվածությունը քաջալերելով առաջ գնանք, շատ շուտով կարիք կլինի տղամարդկանց համար ապահովել այդ տեղերը: Այսինքն՝ պետք չէ վստահաբար նշել, որ այդ 70 տոկոսը միշտ լինելու են տղամարդիկ, իսկ 30-ը՝ կանայք, որովհետև միջազգային պրակտիկան հուշում է, որ հստակ չպետք է ասել, թե որ սեռն է մշտապես փոքրամասնություն լինելու: Դրա համար քվոտավորման կարիք կարող է չունենանք, բայց «եթե կանայք շատ լինեն քվոտավորման կարիք չի լինի» պնդումը միանշանակ չէ:

- Ըստ Relection նախագծի ձևաչափի յուրաքանչյուր նախորդ զրուցակից հնաարավորություն ունի հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակից՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը հետևյալն է՝

«Ես կուզենայի, որ հաջորդ բանախոսը ուղղակի օրինակներ բերեր վերջին շրջանում հանդիպած փոքրիկ ընտրախախտումների վերաբերյալ»:

- Միանշանակ չեմ տեսել և, եթե տեսած լինեի, կդիմեի իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար գործընթաց սկսելու համար: Չեմ տեսել և հույս ունեմ, որ տիկին Գրիգորյանն էլ չի տեսել և նրա հարցը չի բխում այն փաստից, որ ինքը տեսել է նման բան:

Առհասարակ այս ընտրությունների արդյունքը չի վիճարկվել և ոչ մի քաղաքական ուժի կողմից՝ անկախ այն բանից՝ անցել են նրանք Ազգային ժողով, թե ոչ: Այս իմաստով, վերջին խորհրդարանական ընտրությունները բացառիկ են։ Որպես մի մարդ՝ ով նախկինում էլ հետևել է ընտրական գործընթացներին, ասեմ, որ իսկապես շատ բարձր կազմակերպվածություն է դրսևորել թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՛ այն բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրություններին:

2017 թվականի ընտրությունների ժամանակ, երբ ես եղել եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամ, ինձ համար ձայների գնման գործընթացը շատ բացահայտ էր, ինչը նաև տեղ է գտել զեկույցում: Ըստ էության, այդ զեկույցն էլ էր բացառիկ, իր խստության առումով։ Օրինակ, քանի որ ես մեդիայի մասնագետի հետ էի հիմնականում աշխատում, ինձ համար խնդրահարույց էր այն, որ քանակական առումով բոլոր ուժերին տրվել էր նույնչափ ժամանակ հանրայինի եթերում, սակայն եթե մենք մոտենանք այլ մեթոդաբանությամբ և որակական մշտադիտարկում անենք, ապա բացահայտ կդառնա, որ տարբեր քաղաքական ուժեր ավելի դրական կամ ավելի բացասական ձևով են լուսաբանվել, այդ առումով խդնիր տեսնում եմ:

Սոնա Ղազարյանի հարցը հաջորդ բանախոսին՝

«Քանի որ մենք խոսում ենք կանանց ներգրավվածության թեմայով, իմ հարցը կլինի հետևյալը: Արդյո՞ք Ձեր զրուցակիցը նկատել է, թե ինչպես է կնոջ ու տղամարդու խոսքը մեկնաբանվում տարբեր քաղաքական գործիչների կողմից: Օրինակ, եթե կինը քննադատում է իր ընդդիմախոսին, կնոջը հակադարձում են՝ մատնանշում են նրա տարիքը, արտաքին տեսքը, սեռը, իսկ տղամարդկանց պատասխանում են ավելի բովանդակային»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել