Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ |armenpress.am|
14:08 - 17 դեկտեմբերի, 2019

Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը շարունակում է Google-ի և PayPal-ի հետ բանակցությունները, որոնք միտված են այդ ընկերությունների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների հայաֆիկացմանը: Այս մասին դեկտեմբերի 17-ին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք մի քանի խնդիր ունենք YouTube-ի, Google Maps-ի, PayPal-ի և Google Play-ի հետ կապված: Այս ուղղություններով բավական լուրջ աշխատանքներ ենք տանում, սփյուռքի հետ ենք համագործակցում: Մեր սփյուռքի այն հայրենակիցները, որոնք աշխատում են այդ կազմակերպություններում, նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Աշխատանքային ընթացք է, գնահատականներ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բավական արագ կհասնենք արդյունքի»,- ասաց Արշակյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ այդ արդյունքը կլինի 2020թ., նախարարը պատասխանեց, որ այո` կա այդ հավանականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019թ. մարտի 12-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին գումար աշխատել, նշելով, որ իրենք Հայաստանից են, իսկ երկիրը ճանաչելի կդարձնի տեղեկատվական քարտեզի վրա:

Հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ կապված:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել