factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին 24 ժամվա ընթացքում նա հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, հայտնում է Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։
Նշվում է, որ լարված իրավիճակի և ներկա առճակատման ֆոնին գլխավոր քարտուղարը ԵԽ անունից մտահոգություն է հայտնել խորացող բևեռացման և իրադարձությունների՝ քաղաքական փակուղու վերածվելու կապակցությամբ։ Նա նաև կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չափից ավելի կիրառման մասին հաղորդումների հետաքննության կարևորությունը: Քանի որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության դերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ կարծիքներ փոխանակելու հարցում և հիշեցրել Եվրոպայի խորհրդի արժեքներն ու չափանիշները հարգելու պարտավորությունը, ներառյալ՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների, որը համապատասխանում է վրաց ժողովրդի, ամբողջ երկրի և նրա կայունության շահերին:
«Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցել Վրաստանին, այդ թվում՝ առկա Գործողությունների ծրագրի միջոցով, որը կուղեկցի երկրին իր եվրոպական ճանապարհին։ Այդ համատեքստում գլխավոր քարտուղարը մտադիր է շուտով այցելել Վրաստան»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։
comment.count (0)