Շատ մտահգիչ է Սիրիայի հայ համայնքում իրավիճակը, նրանց ճակատագիրը. Իշխան Սաղաթելյան
 |azatutyun.am|
16:21 - 09 դեկտեմբերի, 2024

Շատ մտահգիչ է Սիրիայի հայ համայնքում իրավիճակը, նրանց ճակատագիրը. Իշխան Սաղաթելյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավարության դրոշը։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։

Դեսպանատնից տեղեկացրին, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է ընդդիմության դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։

Սիրիան շուրջ 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և փաստացի {Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված} «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո Սիրիայի հայ հայմանքում անորոշություն է։

«Շատ մտահգիչ է հայ համայնքում ստեղծված իրավիճակը, ճակատագիրը ինչ է լինելու, ինչպես է լինելու։ Մի շարք անորոշություններ կան», - «Ազատությանն» ասաց ԱԺ Հայաստան- Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ անորոշ է Սիրիայում բնակվող մի քանի տասնյակ հազար սիրիահայերի անվտանգության հարցը։ Արդյոք երկրում կայունություն կհաստատվի, թե կշարունակվի քաոսային իրավիճակը, Իսրայելը և Թուրքիան ի՞նչ քայլերի կդիմեն, ինչպիսի՞ կառավարություն կձևավորվի Սիրիայում, և ինչպիսի՞ն կլինի նոր ռեժիմի վերաբերմունքն ու համագործակցությունը Սիրիայի հայ համայնքի հետ. այս հարցերի պատասխանները դեռ չկան, որոնք մեծացնում են առկա անորոշությունը։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք մշտապես կապի մեջ են հայ համայնքի տարբեր պատասխանատուների հետ, և այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները խոստացել են, թե քրիստոնյա համայնքն անվտանգության խնդիր չի ունենալու։ Բայց թե որքան կպահպանվի այդ խոստումը, պարզ չէ՝ ընդդիմությունը, որ գալիս է իշխանության, շատ բազմաշերտ է, տարբեր խմբեր տարբեր ուղղություններ են դավանում։

«Քաղաքը գրավելուց հետո կոնտակտներ եղել են համայնքի ներկայացուցիչների հետ», - նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման առնվազն խոստումներ տվել են, որ հայ համայնքին վտանգ չի սպառնում։

Հստակ տվյալներ չկան, թե Սիրիայում այս պահին որքան հայ է բնակվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել