1lurer.am: Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի անունը հայտնի է․ Այսօր ամփոփվեցին քաղաքապետի պաշտոնակատարի՝ երեք օր շարունակվող նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարն, ըստ արդյունքների, Սարիկ Մինասյանն է 253 քվեով։
Փրայմերիզը կամ պաշտոնակատարի նախնական ընտրությունը Հայաստանում ըստ էության առաջին անգամ է անցկացվում․ գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին։
Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյան, Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյան ու Կարեն Սարուխանյան, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյան, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյան, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյան․ գյումրեցիները ընտրություն են կատարել ինքնաառաջադրված այս 7 թեկնածուների միջև:
Հիշեցնենք, հոկտեմբերի վերջից, երբ ավագանու Բալասանյան դաշինքը վայր դրեց մանդատները՝ Գյումրին ղեկավար չունի, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության՝ փրայմերիզի միջոցով խնդիրը լուծելու տարբերակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց: Ասաց, որ ընտրվող պաշտոնակատարն էլ ամենայն հավանականությամբ հենց կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Թե երբ են Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվելու, հստակ ժամանակահատված չի նշվում։
comment.count (0)