2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը․ ՊԵԿ
14:42 - 30 դեկտեմբերի, 2024

2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը․ ՊԵԿ

2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։ Այսինքն, ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Այլ կերպ ասած` ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուց հետո այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն այցելի մաքսային սպասարկման սրահ:

«Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկումը լինելու է փուլային եղանակով:
Առաջին փուլով` 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով ժամանող և մեկնող բեռների մասով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն իրականացվելու է նշված համակարգի միջոցով։

Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը հորդորում է 2025 թվականի հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո, չայցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում գտնվող մաքսային սպասարկման սրահ, այլ հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին:

Ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն արագացնելու նպատակով, անհրաժեշտ է նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել