aravot.am: ԱՄՆ-ն, ԵՄ իշխանությունները և Կիևի ռեժիմն են պատասխանատու Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցնելու համար. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ Կիևի իշխանությունները որոշել են դադարեցնել Ռուսաստանից բնական գազի մատակարարումը եվրոպական երկրների բնակիչներին, չնայած «Գազպրոմը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները», – նշել է Զախարովան՝ հավելելով՝ ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են ԱՄՆ-ն, Կիևի «խամաճիկ ռեժիմը», ինչպես նաև եվրոպական պետությունների իշխանությունները, որոնք զոհաբերեցին իրենց քաղաքացիների բարեկեցությունը:
Մարիա Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների դադարեցումը բացասաբար կանդրադառնա եվրոպացիների կյանքի վրա։ Նրա խոսքով՝ «Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգակիրի մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասական ազդեցություն է ունենում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա: Հին աշխարհի էներգետիկ շուկայի ձևափոխման գլխավոր շահառուն, և նաև ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է»:
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարի 1-ին լրացել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը, որը նախատեսում էր արտահանում տարեկան 40 միլիարդ մետր խորանարդ ծավալով:
comment.count (0)