RElection [#55] Քաղաքական դաշտի բարելավման համար  ամենամեծ խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է. Գայանե Աբրահամյան
19:29 - 16 դեկտեմբերի, 2019

RElection [#55] Քաղաքական դաշտի բարելավման համար ամենամեծ խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է. Գայանե Աբրահամյան

RElection նախագծի շրջանակներում «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ:

-Քանի որ մենք եզրափակում ենք RElection նախագիծը և նաև Ազգային ժողովում քննարկվող «Կուսակցությունների մասին» օրենքը մոտեցել է իր ամփոփիչ փուլին, կցանկանայի նախ իմանալ Ձեր գնահատականը՝ գործընթացների վերաբերյալ և Ձեզ համար կարևոր մի քանի կետ, որոնք պետք է ներառվեն այս բարեփոխումներում:

- Ես շատ կարևորում եմ և կարծում եմ հաջողեցինք  ներառականության առումով, որը, մեծ հաշվով, հիմնական նպատակն էր, որպեսզի այս գործընթացն իրականացվի խիստ ներառական: Կարծում եմ, որ այդ առոմով իսկապես հաջողություն ապահովվեց։ Նաև հասարակական կառույցների մեծ ներգրավվածություն կար, որովհետև այս «Կուսակցությունների մասին» օրենքը, հետո նաև Ընտրական օրենսգիրքը, դրանք այն հիմանական, հիմնարար օրենսդրական փաթեթներն են, որոնք, ներառականություն չապահովելու դեպքում, ուղղակիորեն կարող են տապալված համարվել:

Եթե որևէ կերպ լսելի չի դառնում ընդդիմության ձայնը, հետագայում մենք միշտ խնդիրներ ենք ունենալու բոլոր հնարավոր հաջորդ գործընթացներում: Այն հիմնական դրույթները, որոնք կարծում եմ, որ հիմնարար են այս օրնեսդրական նախաձեռնության մեջ, ընդհանրապես իր կոնցեպտում՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: Ընդհանրապես քաղաքական դաշտի միջավայրի բարելավման մասով ամենամեծ խնդիրը այդտեղ է: Օրինակ, եվրոպառլամենտի ներկայացուցիչները կարող են զբաղվել բիզնեսով, բայց շատ հստակ է, որ անցումային այս ժողովրդավարության ու խիստ զգայուն, դեռևս չձևավորված ինստիտուտների պարագայում այդ սահմանափակումը հստակ անհրաժեշտ է: Այսինքն, մենք որևէ կերպ չենք կարող ասել՝ տեսեք, եվրոպառլամենտում իրենք կարող են բիզնեսով զբաղվել, ԱՄՆ-ում կարող են, ուրեմն մենք էլ կարող ենք թույլ տալ: Այդ տարանջատումը  շատ կարևոր է, գոնե այս փուլում՝ առաջիկա 10-20 տարիների ընթացքում:

Երկորդ դրույթը, որի վերաբերյալ կարծում եմ իսկապես շատ պետք է այդ ուղղությամբ դեռևս աշխատանք տարվի հավասարության սկզբունքների ներդրումն է՝ գենդերային հավասարություն, կանանց ներգրավվածածության: Քննարկումների ժամանակ հստակ դարձավ, որ ուղղակի իմպերատիվ պահանջ դնելը սխալ է և ժողովրդավարության տեսանկյունից գուցե այնքան ընդունելի չէ, բայց խրախուսման մեխանզմները անշուշտ պետք է դրվեն և այդ մեխանզիմները տարբեր ծրագրերով պետք է իրականցվեն:

Երրորդ կարևոր, հիմնական դրույթը նաև հանրային ֆինանսավորման գաղափարն է: Որքանով այն ընդունելի կլինի հասարակության կողմից ես խիստ սկեպտիկ մոտեցում դեռևս ունեմ։ Այսինքն, ես մտավախություն ունեմ, որ այդպես՝ ամբողջապես և միանգամից չի ընդունվելու հանրության կողմից, որովհետև մենք տարիներով ունեցել ենք քաղաքական մի դաշտ, որը ուղղակիորեն կտրված է եղել հանրությունից, որևէ կերպ չի բավարարել այն պահանջները որոնք առկա են և այլն: Այս առումով սպասարկել և ակնկալել, որ այդ սպասարկումը հանրության կողմից տեղի կունենա շատ արագ, իհարկե միամտություն է, բայց որ սխեման պետք է ներդրվի օրենքում և այդ մեխանիզմը պետք է իրականացվի՝ ակնհայտ է: Մենք միայն այս դեպքում կարող ենք իրականացնել այդ բիզնեսի տարանջատումը և միայն հանրային ֆինանսավորման դեպքում մենք կարող ենք ակնկալել միջավայրի առողջացում:

-Եթե խոսենք բուն ընտրական գործընթացի վերաբերյալ, այդ գործընթաացների մեջ ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացնել, որպեսզի հետագայում բացառենք որևէ կոռուպցիոն ռիսկեր պարունակող, անարդար ընտրությունները: Այս առումով ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում:
-Եթե խոսենք բացառապես «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ, որովհետև հիմանականում իհարկե այն վերաբերում է Ընտրական օրենսգրքին և այնտեղ էլ հսկայական փոփոխություններ պետք է արվեն և կարվեն: Այն, որ ֆինանսավորման հաշվետվությունների թափանցիկության մեխանզիմներ պետք է դրվեն, այն, որ ընտրական գործընթացի ընթացքում հայտարարագրման մեխանիզմներ պետք է դրվեն, բացի ընթացքից՝ նաև մինչ այդ հայտարարագրման մեխանիզմ, կարծում եմ, պետք է դրվի: Սրանք այն մեխանիզմներն են, որոնք որոշակիորեն նվազացնելու են այդ կոռուպցիոն ռիսկերը:

- Այս քննարկումների ընթացքում խոսվեց կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին և նաև խոսվեց վերահսկիչ-վերստուգիիչ հանձնաժողվի լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հաանձնաժողովին փոխանցելու մասին: Ինչպե՞ս եք տեսնում այդ գործընթացը, որքանո՞վ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստ իրականացնել այդ լիազորությունները:Հնարավոր է այն պահանջները, որոնք դրվելու են կուսակցությունների ֆինասավորումը թափանցիկ դարձնելու համար։ Արդյո՞ք դրանք պատճառ չեն դառնա փոքր կուսակցությունների փակվելու համար:

-Ես չեմ կարծում, թե փոքր կուսակցությունների փակման պատճառ կդառնան, որովհետև եթե կուսակցությունները դիտարկում ենք մարդկանց գաղափարական համախումբ՝ որոշակի քաղաքական գաղափարախոսության ներքո, ապա այն չի կարող հինգ հոգու խումբ լինել ովքեր չեն կարող իրենց թույլ տալ հաշվապահ վարձել և այլն։ Բայց սա նաև հաշվապահության մասին չէ, այնքան, որքան անհատական հաշվետվողականության և պատասխանատվության մասին: Այսինքն, գոնե այն կարողությունը պետք է ունենա։ Եթե մարդիկ ունեն կուսակցություն, բնականաբար ունեն նաև հետագայում դերակատարում ունենալու ամբիցիա, նպատակադրում։ Բնականաբար, ամենամինիմալ գործընթացը, որով պետք է հայտարարագիր ներկայացնեն, գոնե պետք է կարողանան իրականացնել:

Ինչ վերաբերում է վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի լիազորությունները փոխանցելուն, ես կարծում եմ, որ գոնե այս պահին ընտրված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամները շատ պրոֆեսիոնալ են և ունեն բազում տարիների փորձ: Այս պահին գոնե մտահոգվելու խնդիր այդ առումով չկա:

-Գիտենք, որ շատ հարցեր կան, որոնք միայն օրենսդրությամբ չեն կարգավորվում, կան խնդիրներ, որոնց լուծումը շատ հաճախ մշակութային զարգացումն է: Մեր հասարակության մեջ դեռևս ամրացած է անձին ընտրելու ինստիտուտը և, երբ խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, բախվում ենք այդ երկու կողմերին: Ի՞նչ անել, որ հանրությունը պատրաստ լինի համամասնական ընտրակարգին:

-Սա իսկապես շատ լուրջ խնդիր է և միայն օրենքներով բնականաբար չի լուծվելու։ Քաղաքական ավանդույթի, կրթական տարբեր միջոցառումների, հեռուսաընկերությունների դերը շատ մեծ պետք է լինի: Կարծում եմ, որ եթե շարունակաբար հեռուստաընկերություններում բանավեճերի երկար շարք իրականացվի և այլն, որոշակի մտածողության փոփոխություններ կարող ենք ակնկալել, բայց նորմալ է, երբ մարդիկ այնուամենայնիվ հակված են անձերի ընտրելուն։ Խորհրդային տարիներից ի վեր ժառանգել ենք համակարգին չվստահելու մտայինություն: Այս փոփոխությունը կարող է տևել տասնամյակներ։

Հանրային մտածողության մեջ այդ նարատիվների, խոսույթների տարածումը ժամանակի հարց է և ամեն մի օղակ պետք է իր դերակատարումն ունենա: Շատ կարևոր է նաև օրինակելի դերակատարների դերը։ Այսինքն, եթե ժամանակի ընթացքում ձևավորվեն միավորներ, որոնք զուտ քաղաքական գաղափարախոսության դաշտը առաջ կմղեն, սա ևս մեծ ազդեցություն կարող է ունենալ:

-Քննարկվում են նաև հետկանչի ինստիտուտի և տեղական հանրաքվեի ինստիտուտի ներդրումը: Պետք է նշել, որ հիմա էլ մենք ունենք տեղական հանրաքվե իրականացնելու հնարավորություն, բայց պրկտիկայում նման դեպքերի չենք հանդիպում: Արդյո՞ք այս ինստիտուտների հիմքում կարող են ռիսկեր լինել և ո՞րն է պատճառը, որ մենք չունենք դրանց կիրառման օրինակները:

-Ընդհանրապես շատ հաճախ է լինում, որ օրենքը վաղուց ամրագրված է, բայց երբևէ կիրառման փուլում իր արդյունավետությունը ցույց չի տվել: Հենց սա հանրության ոչ բավարար տեղեկացվածության, բայց նաև ապատիկ վիճակի հետևանք է: Տարիներով, գուցե անգամ, վերջին երկու տասնամյակի ընթացքում հստակ և նաև ծրագրավորված, որոշակիորեն թիրախավորված տարվել է քաղաքականություն, որ ձեզնից կախված չէ, ոչինչ մի արեք, որովհետև ձեր քվեն ոչինչ չի որոշելու, միևնույն է։ Դրա համար գնացեք ընտրակաշառք վերցրեք, որովհետև դուք միևնույն է չեք որոշելու։ Սա այն հիմանական խնիրն է, որ մարդկանց ուղղակիորեն մղել է դեպի ետնաբեմ և որևէ կերպ, որևէ նախաձեռնություն ոչ միայն չի ողջունվել, այլև չի իրականացվել, որովհետև մտածել են՝ դե պետք է ինձ:

Հեղափոխության ամենակարևոր արդյունքը հենց այդ մտածողության փոփոխությունն էր, որովհետև մարդիկ իսկապես հասկացան, որ մեկ ձայնը, իրենց ձայնը ամենակարևորն է: 

-Ըստ Relection նախագծի ձևաչափի՝ յուրաքանչյուր նախորդ զրուցակից հնարավորություն ունի հարց ուղղել մեր հաջորդ զրուցակցին։ Մեր նախորդ զրուցակիցը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էր, ում հարցը հետևյալն է՝ 

«Ի՞նչ սկզբունքով պետք է կուսակցությունները օգտվեն հանրային ֆինանսավորումից, արդյո՞ք պետք է կապված լինի ընտրություններին հավաքած ձայների հետ: Արդյո՛՞ք պետք է ֆինանսավորում ստանան նախընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները, թե մյուս կուսակցությունները նույնպես»:

-Բնականաբար, ինձ համար ընդունելի է դրամահավաքի գաղափարը և ես շատ կարևորում եմ մեծ դրամահավաքները: Ինձ համար ավելի կարևոր է, որ մի քանի հոգի տան մի քանի հազար դրամ, այլ ոչ թե մեկ մարդ՝ մի քանի միլիոն, որովհետև որոշ անձերից կախվածությունը, անգամ, եթե այդ անձերը չստիպեն, պահանջարկ չլինի, միևնույն է  մարդկայնորեն պարտավարություն է ստեղծում։ Հիմա, թե այդ երախտապարտ լինելը ինչպես կդրսևորվի, հատկապես քաղաքականության մեջ և որոշակի քաղաքական լծակներ ունեցող անձի կողմից, սա կարող է որոշակի ռիսկեր և կասկածներ առաջացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել