ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը |azatutyun.am|
13:57 - 10 հունվարի, 2025

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, «Ազատությանը» հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։

«Անդամ երկրները ողջունել են առաջարկը և այս պահին քննարկում են անհրաժեշտ օրինական ակտերը՝ Եվրամիության խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Խորհրդի որոշումը երկարաձգման շուրջ սպասվում է առաջիկա օրերին», - նշված է «Ազատությանը» տրամադրված գրավոր պատասխանում։

Բաքուն ամիսներ շարունակ առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանի կայունությունը խախտելու մեջ։

Բարձր ներկայացուցչի գրասենյակից այս մեղադրանքներին ի պատասխան ասել են. - «Հայաստանում Եվրամիության առաքելության մանդատը շատ հստակ է՝ դիտարկել և զեկուցել տեղում՝ հողի վրա Հայաստանի կողմից հայ - ադրբեջանական սահմանի իրավիճակը և նպաստել հայ - ադրբեջանական կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին: Դիտորդական առաքելության տեղակայումից ի վեր զինված միջադեպերի թիվը սահմանամերձ տարածքներում զգալիորեն նվազել է։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն Ադրբեջանին պարբերաբար տեղեկացնում է առաքելության գործունեության մասին»։

2023-ի փետրվարին Հայաստան ժամանեցին նախ 100 քաղաքացիական դիտորդներ, ապա ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։

Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանին: Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այդ կետը Բաքվի հետ իսկապես քննարկվում է, և որ հայկական կողմն Ադրբեջանին հանդիպակաց առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել