Եթե ցանկություններից խոսենք, կցանկանամ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ-Թուրքիա հարաբերություններում ինչպիսի ժառանգություն կկամենայիք թողնել ձեզանից հետո։
«Ես նկատի ունեմ սահմանահատումների եւ տրանսպորտային կապերի առումով, որովհետեւ այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջեւ բավականին լայն առեւտրաշրջանառություն կա, գործարար կապեր կան, բայց դա տեղի է ունենում ոչ ուղղակի ձեւով:
Այս խոսակցությունը, որ սկսվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շատ կարեւոր է: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ արդյունքներ կան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Իհարկե, որպես կանոն մենք ասում ենք, որ մեր հատուկ ներկայացուցիչների ձեւաչափով տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար: Մենք իհարկե, սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը: Այն ձեռք է բերվել 2022-ի ամռանը դեռ, բայց քանի որ այս պայմանավորվածությունը իրականացված չէ, շատերը մեկնաբանում են, որ արդյունքներ չկան հայ-թուրքական հարաբերություններում: Ես պիտի չհամաձայնեմ դրա հետ, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր կա ուղիղ երկխոսություն, խոսակցություն, եւ եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է:
Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել. «Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա»:
comment.count (0)