1991-ի սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա երազանքը․ Բակո Սահակյան
07:35 - 02 սեպտեմբերի, 2019

1991-ի սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա երազանքը․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում ն Արցախի նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ»:

Նշվում է, որ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար:

«Թանկագի՛ն հայրենակիցներ,Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության»,-ասվում է ուղերձում:
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այդ առթիվ Արցախում կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել