factor.am: «ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն եւ դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»: Ֆեյսբուքյան էջում այսպիսի բովանդակությամբ գրառում է արել Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։ «Մարդ են, գործ են դրել, ու բոլորովին էս տեսակ բաների մեջ մտնելը կամ վիճելը իրենց բիզնեսին օգուտ չի տա: Ոմանք հլու հնազանդ՝ էդ թանկուկրակ սարքերը գնել տեղադրել են ու մատակարարում են ԱԱԾ-ին ձեր ինտերնետ թրաֆիկը՝ ԱՆԸՆԴՀԱՏ, այսինքն, երբ ուզեն ԱԱԾ-ում կտեսնեն, թե համացանցում ինչ եք անում, ինչ եք դիտում: Ոմանք դեռ չեն արել, կամ փող չունեն, լավ էլ թանկ են էդ սարքերը: Թե բա՝ էսինչ եվրոպական երկրի, էսինչ արտադրածը գնեք, կներկրեք, կմաքսազերծեք, կդնեք, կմիացնեք մեզ ուղիղ ԱԱԾ-Նալբանդյան: ՈՒ բանավոր են հրահանգում»,- գրել է Լևոն Բարսեղյանը։
Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից և Դատախազությունից։
«Ենթադրությունները չենք մեկնաբանում»,- մեզ հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ-ից՝ այլ հարցերի չպատասխանելով և նշելով, որ եթե թեմայի վերաբերյալ կոնկրետ հարցեր կան, ապա գրավոր դիմենք։
«Այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»,- հայտնեցին Դատախազությունից։
comment.count (0)