Այս փուլում Հայաստանի նկատմամբ դիրքորոշման հարցում մեղմացում կա։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր բրիտանական կառավարության այսօրվա հայտարարությանը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից՝ կապված երկրների միջև հակամարտության հետ։
«Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը շարունակում է փակ մնալ։ Խորհուրդ է տրվում խուսափել հայ–ադրբեջանական արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ցանկացած ուղևորությունից: Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ։ Այդ շրջաններում հյուպատոսական աջակցությունը խիստ սահմանափակ է:»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Առանձին նշված է, որ պետք է խուսափել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով երթևեկելուց՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությամբ։ Նշվում է նաև, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ` թեև իրականցվում են Երևան-Ստամբուլ չվերթեր:
«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի վերաբերյալ արվող ռեկոմենդացիաների մասով։ Ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի վերաբերյալ հատվածից։ Ճանապարհի հատվածի վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերից, եղած կարգը թարմացվել է և ՀՀ մասով եղել է մեղմացում»,- վստահեցրեց նախարարը։
Նա ավելացրեց, որ հայտարարության մեջ կան որոշ հատվածներ, որոնց վերաբերյալ հայկական կողմը կարող է համաձայն լինել կամ չլինել, սակայն հստակ է մի բան` դուրս է հանված ՀՀ վերաբերյալ ավելի խիստ դիրքորոշումը։
comment.count (0)