Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|
19:16 - 24 հունվարի, 2025

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին:

Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ Հայաստանում հաճախ դրական են արձագանքել Արևմուտքի խոստումներին, նշել «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է»:

«Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Բացի այդ, մեջբերվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսումն այն մասին, որ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ունենա։

«Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, որոնք ձևակերպված են երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրման միավորումների շրջանակում։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերատեսչությունը նաև բարձր է գնահատել 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ընդգծվել է նաև՝ եվրասիական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել