azatutyun.am: «Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ», - «Ազատությանը» փոխանցեց իշխանական պատգամավոր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունը:
ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, թե բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրները: Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական "АЛРОСА" ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան:
«Գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Սուքիասյան Խ. -ն է», - պնդում է ռուսաստանյան գերատեսչությունը:
Լրացում
Պատգամավորի խոսնակ Աննա Մկրտչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․
«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է», -նշված է գրառման մեջ։
comment.count (0)