Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան
18:06 - 26 հունվարի, 2025

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:

Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:

Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կնպաստեն փոխգործակցության նոր հորիզոնների և ուղղությունների բացահայտմանը:

Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել