news.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հարևան արաբական երկրներ տեղափոխելու առաջարկի։
Sky News-ի հարցազրույցում Արաղչին ծաղրել է Թրամփի առաջարկը, որը վրդովմունք է առաջացրել ողջ տարածաշրջանում:
«Իմ առաջարկն այլ է։ Պաղեստինցիների փոխարեն փորձեք վտարել իսրայելցիներին, տարեք նրանց Գրենլանդիա, որպեսզի կարողանան մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել»,- ասել է Արաղչին:
Նախարարը նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարձակման մասին խոսակցություններին:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կհանդիպի անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք այս խելագարությունը կանեն։ Դա իսկապես խենթություն է: Եվ դա ամբողջ տարածաշրջանը կտանի շատ մեծ աղետի»,- նշել է նախարարը։
Թեհրանը, նրա խոսքով, պատրաստ է լսել Թրամփի առաջարկները։ Բայց շատ ավելին կպահանջվի, որպեսզի Իրանը համոզվի, որ անհրաժեշտ է սկսել բանակցություններ ԱՄՆ-ի հետ այլ գործարքի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ առաջինի հետ։
comment.count (0)