tert.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
«Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։
Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։
Աղբյուրը նշում է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու ծրագրեր ունեն նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շքերթին կհրավիրի «շատ պետությունների ղեկավարների»:
2024 թվականին Հաղթանակի շքերթին հրավիրվել էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Լաոսի նախագահները:
comment.count (0)