Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը․ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին |azat.tv|
11:41 - 04 սեպտեմբերի, 2019

Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը․ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին |azat.tv|

azat.tv։ ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը:

Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել առանձին:

Վարդևանյանն ասաց, որ ՍԴ որոշումը քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին է վերաբերում, որ պարտադիր հաշվի են առնվում, երբ որոշումը տրվում է:

«Բարձր դատարանի կողմից արձանագրվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը չի կարող կիրառվել, այսինքն՝ խախտվել է վերջինիս անձնական ազատության իրավունքը»,- հայտնեց նա՝ խոստանալով առավել մանրամասն անդրադառնալ այս հարցին՝ որոշման տեքստը ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բացի դրանից՝ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ից դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում էր հարցը։ Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Պետրոսյանը Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Հ. Նազարյանը, Ա. Խաչատրյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Նշենք, որ մինչ այս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ երեք անդամ, մասնավորապես Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել քննությանը: Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել