factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիների շրջանում իր նկատմամբ ենթադրյալ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, գրում է ՌԲԿ Ուկրաինան։
Զելենսկին մամուլի ասուլիսում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում 4 տոկոս վստահության վարկանիշ ունի։ Նա նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ վերջին հարցումներով՝ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։
«Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի»,-ասել է նա ՝հավելելով․
«Մենք դա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև: Ցավոք, նախագահ Թրամփը, ում մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում որպես մի ժողովրդի առաջնորդ, որին մենք շատ ենք հարգում, ապրում է ապատեղեկատվական տարածքում»։
Զելենսկին նշել է, որ այժմ թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական հարվածներից և ռազմագերիների վերադարձն է։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ օգնությանը։
«Մենք, անշուշտ, երախտապարտ ենք օգնության համար, բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ դոլար և դրա դիմաց պահանջել 500 միլիարդի օգտակար հանածոներ։ Սա լուրջ չէ։ Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, ևս 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»,-ասել է Զելենսկին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)