1lurer.am: Ռուսաստանը «հաղթաթուղթ» ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա պնդել է իր այն համոզմունքը, որ ռուսները ցանկանում են վերջ տալ պատերազմին:
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «վերակենդանացնել» Կիևի հետ Ուկրաինայի տարածքում օգտակար հանածոների համատեղ արդյունահանման գործարքը:
«Կարծում եմ, որ հարություն կտամ դրան: ...Տեսնենք՝ ինչ կլինի։ Ես դրան հարություն կտամ, այլապես զվարճալի չի լինի»,- ասել է Թրամփը:
Ելույթ ունենալով Մայամիում կայացած ներդրումային համաժողովում՝ Թրամփն Ուկրաինային մեղադրել է երկու օր առաջ գործարքը խափանելու համար: Նրան վրդովեցրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն Ուկրաինայից ձեռնունայն է վերադարձել:
Թրամփը մտադիր է նաև պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինային հատկացված ամերիկյան փողերի հետ: Նրա գնահատմամբ՝ Կիևին հատկացվել է ավելի քան 300 մլրդ դոլար, սակայն հայտնի չէ, թե ինչպես են դրանք ծախսվել։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, որի խնդիրն է կրճատել ծախսերը, համաձայնել է Ուկրաինա ուղարկված ամերիկյան միջոցների աուդիտ անցկացնել։
Financial Times-ի (FT) տվյալներով՝ Ուկրաինային պատկանող կարևորագույն օգտակար հանածոների արժեքը հասնում է 11,5 տրլն-ի, ինչը զգալիորեն գերազանցում է Ուկրաինային օգնության համար ԱՄՆ-ի ծախսերը։ Եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները FT-ի հետ զրույցում Զելենսկու ռազմավարական սխալ են համարել այն փաստը, որ նա չի նշել այն ակտիվների արժեքը, որոնք նա առաջարկել է զարգացնել։
Կրեմլը Թրամփի առաջարկն անվանել է կոմերցիոն հիմունքներով աջակցություն և խորհուրդ է տվել «ընդհանրապես օգնություն չտրամադրել ու դրանով իսկ նպաստել այս հակամարտության ավարտին»։
comment.count (0)