azatutyun.am: «Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ՝ TruthSocial կայքում արված գրառմամբ:
ԱՄՆ նախագահը նշելով, որ Զելենսկին հրաժարում է ընտրություններից՝ հավելել է, որ ուկրաինական հարցումներում նա շատ ցածր վարկանիշ ունի, և «միակ բանը, որում լավ էր, Բայդենին մատների վրա խաղացնելն էր»։ «Բռնակալ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է արագ գործի, այլապես իրեն երկիր չի մնա», - նշել է նա:
«Պարզապես մտածեք. բավականին հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզեց 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը երբեք հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր: Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարի ավելի գումար է ծախսել, քան Եվրոպան, և Եվրոպայի գումարը երաշխավորված է, մինչդեռ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստանա: Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց, որ այս հարցում հավասարություն լինի, քանի որ այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան մեզ համար: Բացի դրանից՝ Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որ մենք ուղարկել ենք իրեն, «կորել է», - գրել է Թրամփը:
Թրամփը պնդել է, որ հաջողությամբ բանակցում են Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու շուրջ:
«Մի բան, որ բոլորն էլ ընդունում են, որ միայն Թրամփն ու Թրամփի վարչակազմը կարող են անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին հավանաբար ցանկանում է պահպանել այս իրավիճակը և օգտվել ստացվող օգնությունից: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի վատ աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է, և միլիոններն անտեղի մսխվել են: Եվ այսպես շարունակվում է», - նշել է ԱՄՆ նախագահը:
comment.count (0)