factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում բանակցություններ է անցկացնում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Լավրովը երեկ երեկոյան այցով ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լավրովին այսօր նախագահական նստավայրում ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։ Հանդիպմանը քննարկվելու են ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։
Հիշեցնենք , որ օրերս Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում G20-ի արտագործնախարարների հանդիպման շրջանակում նույնպես Լավրովն ու Ֆիդանը երկկողմ բանակցություններ էին անցկացրել։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Թուրքիայում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այն նույն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիայում մեկնարկում էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան բանակցությունները։
comment.count (0)