armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, իսկ դրան Ադրբեջանի արձագանքը դժվար է հասկանալն ու մեկնաբանելը։
Նիլս Ուշակովսն այս մասին խոսել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ունեցած ելույթում:
Նիլս Ուշակովսը կարևորեց անվտանգային համագործակցության զարգացումը Հայաստանի հետ:
«Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար»,–ասաց Ուշակովսը:
Նա շեշտեց՝ Բաքուն մերժում է համագործակցությունը, ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելության ներկայությունը, սակայն Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ: «Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,–շեշտեց ԵԽ պատգամավորը:
comment.count (0)