Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ |1lurer.am|
12:49 - 27 փետրվարի, 2025

Պետական կառավարման համակարգը պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում, սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 27-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով դաշտը կարգավորող որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ ոլորտում կան մի շարք ռիսկեր, որոնք կապված են հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմների բացակայության, կրիպտոակտիվների ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով այն կիրառելու վտանգների հետ:

«Անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծելու ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս կերպ կսահմանվեն իրավունքներ ու պարտականություններ, շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներ, ինչպես նաև կապահովվի շուկայի թափանցիկ գործունեությունը:

Սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու մեր առաջին փորձն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս կարգավորումը չի լինելու կատարյալ, և մենք այսքան տարի այս կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ կարգավորումը չլինի կատարյալ, փորձել ենք մի քիչ էլ դառնա կատարյալ: Էլի չի դարձել կատարյալ ու չի դառնալու կատարյալ, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին:

«Այո՛, կլինեն քննադատություններ, որ այս նախագիծը, օրենքը կատարյալ չէ, բայց այս նախագծի գոյությունն ավելի կատարյալ է, քան դրա բացակայությունը: Հետևաբար սա շատ կարևոր քայլ է, որը պետք է համարձակորեն և վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները,- ասաց վարչապետը և ընդգծեց.- պետք է արձանագրել, որ ուշացել ենք, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ պետք է գնալ այս քայլին, քանի որ սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն և՛ ֆիսկալ համակարգի համար, և՛ արժութային կարգավորման, և՛ վճարահաշվարկային համակարգի համար: Ապա կարծիք հայտնեց, որ մեկնարկը ճիշտ է, պետք է իրավիճակը մոնիթորինգի տակ պահել և ըստ խնդիրների՝ լրացումներով ու լավարկումներով ունենալ այնպիսի կարգավորում, որը որևէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաև չի վնասելու մեր գործող կարգավորումների և համակարգերի աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել