factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ փետրվարի 28-ին կսկսվի սենատորների հետ հանդիպմամբ, որից հետո նա կմեկնի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Այս մասին Европейская правда-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ Զելենսկի-Թրամփ հանդիպումը կսկսվի Վաշինգտոնի ժամանակով 11:00-ին (Կիևի ժամանակով՝ 18:00-ին) Օվալաձև աշխատասենյակում։
Վաշինգտոնի ժամանակով 13:00-ին երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Դրանից առաջ նախանշված է նաև օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը․ երկկողմ համաձայնագիր՝ ներդրումային վերականգնման հիմնադրամի կանոնների ու պայմանների սահմանման մասին։
Վլադիմիր Զելենսկիի օրակարգում է նաև այցելությունը Հադսոնի ինստիտուտ, ինչպես նաև Ուկրաինայի տանը հանդիպում ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հավելենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը հաստատել էր, որ այսօր Զելենսկիի հետ Վաշինգտոնում ստորագրելու են օգտակար հանածոների մասին համաձայնագիրը։
comment.count (0)