Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|
16:59 - 12 մարտի, 2025

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին  պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման և, եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։ 

Նա  նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան և երկրների սահմանները բաց չլինեն։ 

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ «Մեր կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և պատրաստ է։ Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները կատարեն պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան նաև պայմանավորվել են վերակառուցել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը։  

Թուրքական հեռուստաալիքը Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն անցկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։ Մեդիատուրի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ունեցել այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել