Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար |armenpress.am|
13:28 - 14 մարտի, 2025

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ ներկայացնելով  կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

«Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ևս շարունակվում է: Բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը»,–ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ Գյումրի–Կարս երկաթուղու գործարկումը կենսական նշանակություն կունենա: 

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն որոշակի պայմանավորվածություններ: Պայմանավորվել են, օրինակ, համատեղ վերականգնել Անիի կամուրջը: «Սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում: Պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչև այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, սահմանի բացումը նրանց համար և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»,-ասաց ԱԳ նախարարը: 

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցման կետում, որն արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով:  

Միրզոյանը շեշտեց, որ ՀՀ բոլոր սահմանային անցակետերում մարտի 1-ից ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը: ԱԳ նախարարն այս համատեքստում շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին՝ մինչ այս պահն այդ ծառայությունն իրականացնելու համար:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել