Ռուբիոն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|
10:49 - 17 մարտի, 2025

Ռուբիոն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Պետդեպարտամենտի՝ Ռուբիոն Լավրովին պատմել է Եմենում հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Լավրովն ընդգծել է ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քաղաքական երկխոսություն սկսելու կարևորությունը։

Ամերիկյան կողմը նաև նշում է, որ Ռուբիոն և Լավրովը քննարկել են փետրվարին Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումներից հետո հետագա համագործակցությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։

Միացյալ Նահանգների զինված ուժերը մարտի 16-ին լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։

Սա Միացյալ Նահանգների ամենամասշտաբային ռազմական գործողությունն է հունվարի 20-ից՝ Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հութի պաշտոնյաները հաղորդել են ամերիկյան հարձակման հետևանքով քաղաքացիական անձանց զոհվելու մասին, այդ տվյալը հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրի օգնությամբ։ Հութիները նաև խոստացել են վրեժխնդիր լինել՝ առանց մանրամասնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել