«Ոչ մի տեսակի կրակոց չկա»․ Բաքվի պնդումները հերքում են Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերից
 |azatutyun.am|
19:59 - 20 մարտի, 2025

«Ոչ մի տեսակի կրակոց չկա»․ Բաքվի պնդումները հերքում են Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերից |azatutyun.am|

azatutyun.am: «Հանգիստ ա, ոնց որ ձմեռվանից սկսել ա տենց հանգիստ, մինչև հիմա նույնն ա, տենց»․ - Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտեմ Երանոսյանը վերջին օրերին մեկ կրակոցի ձայն անգամ չի լսել։ Իրենք ադրբեջանական դիրքերին շատ մոտ են, ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական դիրքերից չեն կրակել։

«Չէ, մեր մոտից նման բան չի եղել, ես նման բան չեմ տեսել։ Ես կափպված եմ տղերքի հետ, շատ շփման մեջ են իրանց հետ՝ զինվորականների հետ, մենք, ես տենց բան չեմ տեսել էդ կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երանոսյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին չորս օրվա ընթացքում 11 հաղորդագրությամբ է հերքել Բաքվի պնդումները, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվից կոնկրետ ուղղություն էլ են նշում՝ արևելյան ու հարավարևելյան հատվածից, այսինքն՝ Գեղարքունիքի ու Սյունիքի կողմերից։

«Չէ, չէ, չեմ լսել», - ասաց Վերին Շորժայի համայնքապետը։

Ադրբեջանական զորքը 2021 թվականի մայիսից կիլոմետրերով մխրճվել է Սոթքի տարածքում, հայկական ու ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ անզեն աչքով էլ տեսանելի կլիներ շարժը, իսկ կրակոցը հնարավոր չէր չլսել, պնդում է Ներքին Շորժա բնակավայրի ղեկավար Արա Մինասյանը։

«Մեր մոտ կրակոց բացարձակ չկա՝ Ներքին Շորժայում, ոչ մի տեսակի կրակոց չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը, - «Ինչքան ժամանակ՝ ձմեռվանից առաջ կրակոցներ վաբշե չի եղել։ Չէ, մեր մոտ բացարձակ, ոչ մի տեսակի կրակոց չկա»։

Բաքվի հաղորդագրությունները սկզբում վերաբերում էին Սյունիքին, թե այստեղի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ առավոտյան, երեկոյան ու ուշ երեկոյան, ըստ Բաքվի։ Հայկական կողմը մարտի 16-ին միայն երեք հաղորդագրությամբ հերքեց այս պնդումները։ Անգամ առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան - Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Բաքուն Երևանի այս առաջարկին մինչ օրս չի արձագանքել։

«Ոչ, ոչ մի կրակոց, շատ հանգիստ վիճակ ա, ոնց եղել ա, նույն ձևով, ես ամենօրյա կապի մեջ եմ»․ - Գորիսի Ակներ բնակավայրից շատ քիչ են հեռու ադրբեջանական զորքերը, Սև լճի ափերին են նստած, գյուղը ներքևում է։ Բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Սիմոնյանն էլ կրակոցի ձայն չի լսել. - «Տենց բան չկա, դա ապատեղեկատվություն ա երևի։ Բացարձակ տենց բան գոյություն չունի։ Ուղիղ գծով՝ երեք կիլոմետր, ավտոմատով էլ կրակեն, անպայման կլսենք։ Հանդարտ, հանդարտ վիճակ ա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել