Սահմանադրական դատարանը պատասխանել է Վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը
14:10 - 29 մայիսի, 2019

Սահմանադրական դատարանը պատասխանել է Վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարությանը

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ:

«Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. 1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական դատարանների՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանը ենթարկվում է միայն Սահմանադրությանը, որի ուժով էլ օժտված է Սահմանադրության գերակայությունն ապահովելու բացառիկ գործառույթով։ Սահմանադրական համապատասխան կանոնակարգումների հիման վրա Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում Սահմանադրության վերաբերելի նորմերի համապարտադիր և վերջնական մեկնաբանության միջոցով իրավական դիրքորոշումներ է արտահայտել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթների և դրանց սահմանների վերաբերյալ,

2) Սահմանադրական դատարանը գնահատում է ոչ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ նաև ցանկացած դատարանի, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի կողմից այդ ակտին կամ դրույթներին տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան»,

3) Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի համաձայն, իրավասու է վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ,

4) դատական պրակտիկայում վիճարկվող նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող գնահատելու դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է տալ այդ ակտի կամ դրույթների իր մեկնաբանությունը, ինչը որպես նոր հանգամանք, հանգեցնում է վերջնական, ներառյալ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պարտադիր վերանայման («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մաս),

5) այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ամենևին էլ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտին կամ դրա վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը, ավելին՝ Սահմանադրության գերակայության ապահովման սահմանադրական պահանջի ուժով Սահմանադրական դատարանը պետք է անդրադառնա Սահմանադրությանը հակասող մեկնաբանության հարցին՝ տալով Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն,

6) Սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու լիազորությանը և փաստել, որ բողոքները վարույթ ընդունելը ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ այդ բողոքների ընդունելիության հիմքերը գնահատելու ազատություն։ Երբ առկա են վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերը, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց,

7) Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից (Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մաս): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են նաև բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, և դրանց պաշտոնատար անձանց համար: Ինչպես հիշյալ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, որևէ հայեցողություն չի ենթադրում և ենթակա է պարտադիր կատարման,

8) Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են վիճարկվող դրույթների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա, ողջամտորեն, չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում։ Սահմանադրական դատավարության մասնակիցների դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող նույնացվել Սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հետ:

9) առանձին դատավորների կողմից Վճռաբեկ դատարանի անունից և նրա պաշտոնական ձևաթղթի վրա հայտարարություն անելն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ այլ մարմինների հետ հարաբերություններում Վճռաբեկ դատարանը ներկայացնելու լիազորությամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանի նախագահը («ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):»,- ասված է հաղորդագրությունում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել