azatutyun.am: Իրանի նախագահն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին ի պատասխան։ Սպիտակ տան ղեկավարն այս ամսվա սկզբին Թեհրան ուղարկված նամակով առաջարկել էր բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնացել, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։
Մերժելով ուղիղ բանակցությունները՝ Փեզեշքիանը միաժամանակ հաստատել է, որ Իրանը պատրաստ է անուղղակի շփումների, ինչի մասին ավելի վաղ նաև երկրի արտգործախարարն էր հայտարարել։
Պարզ չէ, թե արդյոք Թրամփը կհամաձայնի գնալ անուղղակի շփումների: Պաշտոնավարման առաջին շրջանում նա միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի և 5 գերտերությունների միջև ստորագրված միջուկային գորարքից, այս տարեսկզբին էլ՝ երկրորդ անգամ մտնելով Սպիտակ տուն, հրամանագիր ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի հասցնելու մասին։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»,-հայտարարում է Դոնալդ Թրամփը։
comment.count (0)