hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանքային գործարքից դուրս գալու մտադրության մեջ։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ», - Reuters-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը ասել է նա լրագրողներին ։
Թրամփը նաև հավելել է՝ Զելենսկին « ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ։ Նա դա հասկանում է»։
Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Ուկրաինան կխնդրի փոփոխություններ կատարել Դոնալդ Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում՝ ներառելով ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը:
Bloomberg-ը հայտնում է, որ առաջարկված նախագծի համաձայն՝ Վաշինգտոնը Ուկրաինայում վերահսկելու է բոլոր խոշոր ենթակառուցվածքային ներդրումները և հանքանյութերը ՝ առանց ժամկետների սահմանափակման, ինչը Կիևում մտավախություն է առաջացրել, որ գործարքի պայմանները կարող են խաթարել երկրի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը և պահանջել, որ նա վերադարձնի ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկզբից ի վեր տրամադրված ողջ ռազմական և տնտեսական օգնությունը:
«Եթե գործընկերության համաձայնագիրն ընդունվի, ԱՄՆ-ն վերահսկողություն ձեռք կբերի ներդրումային որոշումների վրա, որոնք ազդում են Ուկրաինայի տնտեսության զգալի մասի վրա, ներառյալ հանքարդյունաբերությունը, նավթը և գազը, կարևոր օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև նավահանգիստները, ճանապարհները և երկաթուղիները»,- գրում է գործակալությունը։
Նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ զրույցի ժամանակ իրենց մտահոգություններն են հայտնել առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, սակայն, չեն առարկել դրանց դեմ, հատկապես Եվրամիություն Ուկրաինայի հնարավոր մուտքի առումով։ «Սա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը կարող է բաց լինել փոփոխությունների քննարկման համար»,- Bloomberg-ը փոխանցել է անանուն աղբյուրի դիրքորոշումը։
comment.count (0)