azatutyun.am: Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ է սկսել օգտակար հանածոների մասին համաձայնագրի նոր տեքստի շուրջ։
«Ուկրաինական կողմը տրամադրված է կնքելու փաստաթուղթ, որը կհամապատասխանի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ուկրաինայի ազգային շահերին: Մենք նաև կարծում ենք, որ համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է հզոր, խոշոր ամերիկյան բիզնեսների հետագա ամրապնդում, ներդրում է Ուկրաինայի անվտանգության ենթակառուցվածքում», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
Սիբիգան հավաստիացրել է՝ Կիևը կաշխատի ամերիկացի գործընկերների հետ ստորագրման համար փոխընդունելի տեքստի հասնելու համար։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից։ Թրամփը սպառնացել էր՝ Զելենսկին «մեծ խնդիրներ» կունենա, եթե դուրս գա գործարքից։
Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկեր, որոնք պետք է վերադարձվեն, իսկ ավելի վաղ էլ դժգոհել էր, թե ԱՄՆ-ը շարունակ փոխում է համաձայնագրի պայմանները:
comment.count (0)