factor.am: ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2025թ․-ի փետրվարի 12-ին ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանցից:
Համաձայն ստացված տեղեկատվության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատողը անձին նշանակել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների խնդրի առնչությամբ հետազոտություն, և ըստ անձին բժշկի կողմից տրված տեղեկատվության՝ նշված հետազոտությունը իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։
Վերոգրյալի կապակցությամբ Խումբը 2025թ․-ի փետրվարի 26-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով ապահովել անձի բժշկական օգնության և սպասարկման իրավունքը՝ համաձայն ՀՀ Կառավարության 2004թ․-ի մարտի 4-ի N318 որոշման․ կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները դասվում են անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների շարքին, որը իրականացվում է կրկին պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով։ 2025թ․-ի մարտի 7-ին Խումբը ստացել է ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՊՈԱԿ) պատասխան գրությունը, համաձայն որի՝ անհրաժեշտ հետազոտությունը դասվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների շարքին։ ՊՈԱԿ-ի 2025թ․-ի մարտի 24-ի գրության համաձայն՝ անձին ցուցված լաբորատոր հետազոտությունը իրականացվել է հարազատների միջոցներով։
«Տվյալ դեպքը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման համար խոչընդոտ կարող է հանդիսանալ որոշակի ծառայությունների վճարովի լինելու հանգամանքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազատազրկված անձանց առողջական վիճակի վրա»- նշում է Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խումբն առաջարկում է․ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և ՀՀ առողջապահության նախարարությանը ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ապահովելու, որ քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար հիմունքներով։ Հասարակական Դիտորդների Խումբը շարունակելու է հետևողական լինել այս հարցի լուծման ուղղությամբ և համագործակցել պետական մարմինների հետ՝ ազատազրկված անձանց իրավունքի լիարժեք իրացումը ապահովելու նպատակով:
comment.count (0)