Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին
21:12 - 16 ապրիլի, 2025

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովենիայի փոխվարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը համատեղ մամուլի ասուլիսին են տվել և պատասխանել լրագրողների հարցերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։ Արարատ Միրզոյանը նաև հանդես է եկել հայտարարությամբ․

«Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ: Կուզենաի մի քանի բան առանձնացնել։ 

  • Նախ, Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել այդ հարաբերություններին, և պետք է նշենք, որ երկուսստեք կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու: 
  • Երկրորդը, որը կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը: Եվ այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի «Ներդրումների աջակցման կենտրոնի» և «SPIRIT Slovenija»-ի գործակալության միջև:
  • Կարևոր երկխոսություն է նաև այն գործընթացը, որն այժմ ընթանում է «Երևանյան երկխոսություն» մեր ֆորմատի և Բլեդի ռազմավարական ֆորումի միջև: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։ 
  • Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին, նաև հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց, մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար: 
  • Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունըները ոչ միայն քիչ առաջ նշածս երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում: Ուզում եմ նշել, և կարծում եմ տիկին նախարարն ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը, ըստ էության, օրակարգի բոլոր կետերով: Եվ ավելին ասեմ, տեսնում ենք նաև Սլովենիայի պատրաստակամությունն էլ ավելի մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում:
  • Իհարկե, կարևոր է մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլուր, և մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել տեսնելու, թե որքան գործուն է այդ համագործակցությունը։ 

Իհարկե, մենք այսօր անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին: Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։ 

Ես շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ, և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։ 

Տիկին Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում, և դրանք իսկապես թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար:

Ազատություն. Տիկի՛ն նախարար, ի՞նչ փուլում են [Եվրոպական] Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին տասը միլիոն եվրո տրամադրելու քննարկումները, արդյո՞ք կա երկիր, որն ընդդիմանում է համաձայնությանը, և եթե չկա, երբ կտրամադրվի գումարը:

Տանյա Ֆայոն.  Շնորհակալ եմ հարցի համար։ Դուք խոսում եք Եվրոպական խաղաղության գործիքի մասին: Ես կարող եմ խոսել միայն իմ երկրի դիրքորոշման մասին: Սլովենիան հստակ աջակցել է վերջին առաջարկին՝ Եվրոպական խաղաղության գործիքի նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանի զինված ուժերին օժանդակելուն: Թեև այս հարցում անհրաժեշտ է միաձայն մոտեցում, Սլովենիայի դիրքորոշումը եղել է միանշանակ. մենք ցուցաբերել ենք շատ հստակ և ուժեղ աջակցություն:

Արարատ Միրզոյան․ Տասը միլիոնի ծրագիրն անցյալ տարվան էր վերաբերում, այս տարի գումարը մի փոքր ավել է, մի փոքր ասելով՝ կրկնապատիկ է, և քննարկումները, ինչպես տիկին նախարարն ասաց, շարունակվում են և հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի։

Ազատություն. Պարո՛ն Միրզոյան, Ադրբեջանը չի նահանջում` թե՛ Մինսկի խումբը լուծարելու, թե՛ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներից նախքան պայմանագրի ստորագրումը: Ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր փակագծեր բացեք՝ արդյո՞ք ստորագրման հեռանկարը կարելի է փակված համարել, քանի դեռ Հայաստանը չի լուծարել Մինսկի խումբը և Մայր օրենքում փոփոխություն չի կատարել։  

Արարատ Միրզոյան․ Ըստ էության և՛ Ադրբեջանի, և՛ մեր կողմի, և՛ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե, մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անթալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, սակայն ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել: 

Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու, ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք, իհարկե, կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, և հակառակը` կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք բաց ենք և կողմ ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք կարող ենք այդ փաստաթղթերն առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք. դրեք առաջինը խաղաղության համաձայնագիրը և մյուսը` համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին` տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ ենք խոսել, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ: Նախ պետք է հասկանանք` որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները: Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և այդ ստորագրված խաղաղությունը չունենալու համար, սա մի իրավիճակ է: Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է: Այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին և ասել մոտավորապես այն, ինչը, որ ես հիմա ասում եմ. մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ 

Մենք ոչ միայն հիմք ունենք դա կարդալով ասելու, այլ նաև նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու, իրավական առումով այդ իրավունքով օժտված միակ մարմինը` մեր Սահմանադրական դատարանը: Մենք հիշում ենք անցյալ սեպտեմբերին, երբ մի համանման փաստաթուղթ էր քննարկվում, եզրակացություն էր տալիս Սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգ էր: Այնտեղ կար չէ՞ հղում Ալմա-Աթայի հռչակագրին, դա դիտվում էր որպես բազա դելիմիտացիայի համար։ Սա նշանակում է, եթե շատ կարճ և անկյունները հարթած ասեմ, 1991 թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, եղած սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ահա, եթե Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն Հայաստանը չունի հավակնություններ այդ 1991 թ. սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է։ Ստացվում է, որ մեր Սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ և մենք, ելնելով սրանից, իհարկե, դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դատարանը դրական եզրակացություն է տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանդրական դատարանին, ելնել նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա: Չեմ կարծում, թե կարծիքը, դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանդրական դատարանը փոխի, իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ:

Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ դա ինչպես մեր դեպքում կարող է հարցը  փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն, մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագրի ստորագրումը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է: 

Ի միջի այլոց, չեմ ուզում այս հարցում որևէ բաց մնա։ Գիտեք, որ մենք 2018 թ.-ից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որի մանդատը, կարծեմ, մյուս տարի ավարտվում է, և արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանդրական փոփոխությունների առաջարկ տա: Բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդ տեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ չէ։ Այսինքն, պետք է մտածենք այդ հարցի շուրջ և հընթացս կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին։ Ամեն դեպքում Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ դա նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող են պարունակվել: Այսինքն, մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր գործընթացը, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր: 

Արմենպրես: Պարոն Միրզոյան, տեղյակ ենք, որ Անթալիայում բազմաթիվ հանդիպումներ ունեցաք, բավականին լայն օրակարգ ունեիք, շփվեցիք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և որպես ամփոփում կցանկանայի Ձեր տեսակետը լսել. գոնե ինչ-որ չափով հնարավորություն եղա՞վ քննարկումների արդյունքում կամ ընթացքում մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ 

Արարատ Միրզոյան․ Ինչպես քիչ առաջ նշեցի, չենք կարող ասել, որ Անթալիայում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարարների հետ մեր ունեցած շփումների, խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ և պայմանավորվածություններ: Բայց նաև չենք կարող ժխտել, որ մշտական հանդիպումները, քննարկումները, խոսակցություններն, այնուամենայնիվ, կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար, առնվազն ամեն հանդիպումից հանդիպում, թեմաներ, ենթաթեմաներ կամ նոր ենթաշերտեր են հնարավոր լինում քննարկել, որն, անշուշտ, արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից: Այնպես որ ես դրական կհամարեի մեր շփումները։ Շնորհակալություն», - նշված է տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել