civilnet.am: Իշխող Վրացական երազանք կուսակցությունն ու նրա արբանյակները խորհրդարանում վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փաթեթ՝ քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ: Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կունենա կուսակցություն արգելելու իրավասություն, եթե կուսակցության նպատակներն ու կազմը համապատասխանում են արդեն արգելված կուսակցության նպատակներին ու կազմին:
Իշխող կուսակցությունն ընդունել է օրենսդրական փոփոխություններն այն նպատակադրմամբ, որ արգելի նախկին իշխող կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը (ՄԱՇ), ինչպես նաև խոշոր այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ըստ նրանց պնդումների, ՄԱՇ-ի արբանյակներն են և ծառայում են նրա շահերին:
Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքի 36-րդ հոդվածը թույլատրում է արգելել հատուկ նպատակներ ունեցող կուսակցություններ, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելը, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելը կամ ազգային, կրոնական կամ այլ հիմքերով անհամաձայնություն հրահրելը:
Սակայն Վրացական երազանքը օրենսդրությանն ավելացրել է առանձին ենթակետ, որը դատարանին իրավասություն կտա արգելելու ցանկացած կուսակցություն, որի հայտարարված նպատակները կամ գործունեությունը «էականորեն կրկնում են» նույն հոդվածի համաձայն նախկինում արգելված կուսակցության հայտարարված նպատակները կամ գործունեությունը:
«Էական կրկնություն» տերմինը վերաբերում է նաև կուսակցական ցուցակների կազմին:
Նոր փոփոխություններով կառավարությունը կկարողանա ոչ միայն խնդրել արգելել գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները, այլև ցանկացած կուսակցություն, որոնք, հնարավոր է, հիմնադրվեն ապագայում, եթե Վրացական երազանքը դրանք համարի նախկինում արգելված կուսակցությունների իրավահաջորդներ:
«Ես կարծում եմ [այս օրենքն ընդունվել է], որպեսզի նա [Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին] ձեռքում ունենա շանտաժի գործիք՝ կարողանալու հեշտությամբ լուծարել կուսակցությունները, երբ ցանկանա, և հարմարավետ կերպով վերաձևել քաղաքական դաշտը ընտրություններից առաջ»,- ասել է Դիմիտրի Ցկիտիշվիլին՝ Հանուն Վրաստանի կուսակցության անդամ և Վրացական երազանքի նախկին պատգամավոր:
Փետրվարին Վրացական երազանքը խորհրդարանում ստեղծել էր «փաստահավաք հանձնաժողով»՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ՄԱՇ-ի կառավարման ժամանակաշրջանը և ի վերջո պատժել կուսակցությանը:
Սակայն իշխող կուսակցությունն այնուհետև ընդլայնել է հանձնաժողովի մանդատը՝ ներառելով 2012-ից հետո ընկած ժամանակահատվածը՝ նշելով, որ նախկին կառավարության ներկայացուցիչները «բազմաթիվ հակապետական գործողություններ» են իրականացրել նույնիսկ 2012-ից հետո՝ ընդդիմության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Այդ ընդլայնումից հետո հանձնաժողովին տրվել է այն անձանց կանչելու իրավասություն, որոնք երբևէ ՄԱՇ-ի անդամ չեն եղել: Նման մի դեպքում իշխող կուսակցությունը հարցաքննել է Գիորգի Գախարիային, որը վարչապետ է եղել Վրացական երազանքի օրոք և այժմ ընդդիմության մեջ է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)