Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
 |1lurer.am|
11:35 - 22 մայիսի, 2025

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Վերացնում ենք մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության, Բահրեյնի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների համար, ինչպես նաև այն անձանց համար, որոնք վերոնշյալ երեք երկրներում, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրություններում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեն կացության իրավունք, կարգավիճակ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունները մեր երկիր, և՛ մարդկանց միջև, մեր քաղաքացիների հետ շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը:

Ուզում եմ ավելացնել, որ մի շարք հարևան երկրներ, որոնք ունեն տնտեսական զարգացվածության որոշակի մակարդակ, արդեն իսկ նման ռեժիմ ունենք, այսինքն՝ արտոնագրային ռեժիմ չունենք»,- ասաց նախարարը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշման նախագիծը կարևորեց՝ ընդգծելով, որ այն ենթադրում է նաև զբոսաշրջային էական հոսքերի ավելացում: Սա կհեշտացնի նաև պոտենցիալ ներդրողների մուտքը ՀՀ:

«Նաև գործարար միջավայրն է սա ողջունում և սրան պատրաստվում: Հուսով ենք, որ սրան կհաջորդի ուղիղ չվերթների ավելացման հնարավորությունը»,- ասաց Պապոյանը և այս համատեքստում հիշեցրեց, որ Մերձավոր Արևելքի շուկան ՀՀ-ի համար հիմնական ու առանցքային շուկաներից է դառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել