1lurer.am: Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է: Ինչպես մնացած նորմալ երկրներում է, մարդիկ, որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան զինվորական: Դա վերջնանպատակն է: Հիմա այս ընթացքում կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ չեմ մտնելու: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որի փոփոխություններից մեկի համաձայն՝ առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ:
«10 հազարից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից»,- ասաց ԱԺ նախագահը և պարզաբանեց, թե վերջնանպատակը պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ ծառայելու ցանկություն ունեցողները ծառայությանը կվերաբերվեն որպես մասնագիտություն:
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ օրենքը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, քանի որ կան հարցեր, որոնք քննարկման փուլում են, բայց նաև ընդգծեց, թե այն իրավիճակը, որ եղել է և կա մեր երկրում տասնամյակներ շարունակ, պետք է փոխել:
«Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են երեխաներին ազատել բանակից, դա արել են: Նոր որակում տալու որևիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է»,- ասաց նա:
comment.count (0)