Հունգարիայում հանրաքվե կանցկացվի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցով. Սիյարտո |armenpress.am|
18:10 - 27 մայիսի, 2025

Հունգարիայում հանրաքվե կանցկացվի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցով. Սիյարտո |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար՝ արդյոք Հունգարիայի ժողովուրդն աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, թե՞ ոչ։ 

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ 

Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին՝ Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ տեսանելի ապագայում Ուկրաինան կբավարարի անհրաժեշտ չափանիշները՝ ԵՄ-ին անդամակցելու համար։ 

«Ելնելով ներկայիս հանգամանքներից՝ ես չեմ կարող պատկերացնել, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կկարողանա համապատասխանել անհրաժեշտ չափանիշներին։ Ես չեմ տեսնում, որ նրանք մոտ են չափանիշներին բավարարելուն, բայց Հունգարիայում հանրաքվե կլինի, որի ժամանակ մարդիկ կկարողանան հստակ ընտրություն կատարել՝ արդյոք աջակցո՞ւմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալուն, թե՞ ոչ։ Եվ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք կհետևենք մեր ժողովրդի կամքին։ 

Անդրադառնալով մոդերատորի դիտարկմանը, որ, օրինակ, հարկեր սահմանելու դեպքում հանրաքվե չեն անցկացնում և ժողովրդի կարծիքը չեն հարցնում՝ Սիյարտոն նշել է, որ իրենք հարկերի մասին չեն խոսում։ 

Հունգարիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իրենք չեն վախենում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց ժողովրդի կարծիքը հարցնելուց։ «Մենք համազգային խորհրդակցություններ ենք անցկացրել շատ հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանադրությունը, միգրացիան, ընտանեկան քաղաքականությունը, Բրյուսելի նկատմամբ մեր մոտեցումը։ Եվ մենք միշտ հարգել ենք մեր ժողովրդի կամքը»,- ասել է Պետեր Սիյարտոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել