Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|
15:09 - 29 մայիսի, 2025

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են և շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Կողմերը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում ու փորձում են հասնել լուծումների այդ գործընթացը շարունակելու համար»,-մանրամասնել է արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին սահմանազատվել է սահմանի 12,7 կիլոմետր հատված, և այնտեղ տեղակայված են սահմանապահ զորքեր, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում սահմանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են  սահմանապահ զորքերը, գրանցվել է միայն մեկ միջադեպ։  

«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք և ունենանք հավելյալ սահմանազատված հատվածներ, ինչը կայունության կբերի։ Կարծում եմ, որ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, բոլոր խնդիրները չենք լուծել և չենք կարող ասել, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ իրագործված է, բայց համոզված եմ, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»,- ավելացրել է Գրիգորյանը։  

Խոսելով սահմանազատման գործընթացի հետագա քայլերի մասին՝ ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կետից մի փոքր ներքև ընկած հատվածից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել