ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին
16:59 - 29 մայիսի, 2025

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելաոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։

Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանուեխթյան մակարդակի բարձրացմանը։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավվում են առկա գործիքակազմերը։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին՝ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Քլեր Օվեյն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին՝ Քլեր Օվեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել