Քաղաքապետարանը չի կարողանում ձեռք բերել 45 տրոլեյբուս, մեղադրում է ընդդիմությանը
 |civilnet.am|
16:37 - 03 հունիսի, 2025

Քաղաքապետարանը չի կարողանում ձեռք բերել 45 տրոլեյբուս, մեղադրում է ընդդիմությանը |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը։ Այս մասին հունիսի 3-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Բանից պարզվում է, որ արդեն 30-ը՝ առնվազն, հնարավոր չի լինի գնել։ Թերհավաքագրումները բերելու են նրան, որ այդ գումարը չկա, և 30 տրոլեյբուս արդեն դուրս է եկել ցանկից»,- ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը շարունակվի նույն կերպ, ապա հնարավոր է՝ քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել նաև մնացած 15 տրոլեյբուսները։ Այս իրավիճակի համար խոսնակը մեղավոր համարեց ոչ թե քաղաքապետարանին, այլ այն անձանց, որոնք պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ։

Մայիսի 19-ին պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին նախատեսված 25,5 մլրդ դրամ եկամուտներից հավաքագրել է շուրջ 22 մլրդ դրամ՝ արձանագրելով 3,5 մլրդ դրամ թերակատարում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել էր, որ հենց հանրային տրանսպորտի ոլորտում է թերակատարման «առյուծի բաժինը»՝ 2,3 մլրդ դրամ։ Նա մեղադրել էր ընդդիմադիր ուժերին՝ բյուջետային խնդիրների համար։

Քաղաքապետարանը նախատեսում է տուգանքների համակարգ ներդնել, սակայն դրա համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել