tert.am: Իրանի վերջին շահի՝ 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված Մուհամեդ Ռեզա Փահլավիի որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանի դեմ Իսրայելի հարձակման ֆոնին, դիմել է երկրի ժողովրդին՝ հույս հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի անխուսափելի փլուզման վերաբերյալ։
«Իսլամական Հանրապետությունը հասել է իր վերջին և գտնվում է կործանման գործընթացում», - ասել է Փահլավին, որն իրեն համարում է այժմ թափուր իրանական գահի ժառանգորդը։
«Խամենեին, ինչպես վախեցած առնետ, թաքնվեց բունկերում և կորցրեց իրավիճակի վերահսկողությունը», - ասել է Փահլավին Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մասին։
«Այն, ինչ սկսվել է, անշրջելի է։ Ապագան պայծառ է: Ռեժիմի ճնշման ապարատը փլուզվում է։ Այժմ պարզապես անհրաժեշտ է համազգային ապստամբություն՝ այս մղձավանջին մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Հիմա ժամանակն է ոտքի կանգնելու, ժամանակը Իրանը վերադարձնելու։ Եկեք բոլորս առաջ գնանք՝ Բանդար Աբբասից մինչև Բանդար Անզալի, Շիրազից մինչև Սպահան, Թավրիզից մինչև Զահեդան, Մեշհադից մինչև Ահվազ, Շահր-ե-Քորդից մինչև Քերմանշահ՝ և վերջ դնենք այս ռեժիմին։ Մի՛ վախեցեք Իսլամական Հանրապետության անկումից։ Իրանը չի ընկղմվի քաղաքացիական պատերազմի կամ անկայունության մեջ։ Մենք ունենք ծրագիր Իրանի ապագայի և նրա ծաղկման համար։ Մենք պատրաստ ենք անկումից հետո առաջին հարյուր օրվան, անցումային շրջանին և ազգային ու ժողովրդավարական կառավարության հաստատմանը՝ Իրանի ժողովրդի կողմից և Իրանի ժողովրդի համար։
Զինվորականներին, իրավապահ մարմիններին, անվտանգության ուժերին և պետական ծառայողներին, որոնցից շատերը վերջին օրերին ինձ հաղորդագրություններ են ուղարկում, ես ասում եմ. մի՛ դեմ կանգնեք Իրանի ժողովրդին այն ռեժիմի համար, որի անկումը սկսվել է և անխուսափելի է։ Մի՛ զոհաբերեք ձեզ քայքայվող ռեժիմի համար։ Ժողովրդի կողքին կանգնելով՝ կարող եք փրկել ձեր կյանքը։ Խաղացեք պատմական դեր Իսլամական Հանրապետությունից անցման գործում և մասնակցեք Իրանի ապագայի կառուցմանը։ Մեր առջևում ազատ և ծաղկող Իրան է։ Թող որ շուտով միասին լինենք», - ասել է նա։
comment.count (0)