civilnet.am: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ «Իրանի ժողովուրդը հանձնվող չէ»։ Այդ մասին խոսել է հունիսի 18-ին հեռուստատեսային իր ուղերձում՝ պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։
«Ամերիկացիները թող իմանան, որ ցանկացած տեսակի ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի»,- հայտարարել է Իրանի առաջնորդը՝ քննադատելով Իրանի հասցեին սպառնալից հայտարարությունները։
Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը X-ի հարթակում մեկը մյուսին հաջորդող երկու գրառմամբ էր հանդես եկել․ մի դեպքում Իրանին կոչ էր արել «անվերապահ անձնատուր լինել», իսկ մյուս գրառմամբ Ալի Խամենեիին «հեշտ թիրախ» էր անվանել՝ սպառնալով անկանխատեսելի հետևանքներով։
Իրանի ու Իսրայելի միջև պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը պահանջում է Թեհրանից հրաժարվել միջուկային ծրագրից՝ դադարեցնելով ուրանի հարստացումը։ Իրանական կողմը մերժում է այդ պահանջները, փոխարենը միջուկային զենք չունենալու իր պատրաստակամությունն է վերահաստատում։
Իսրայելի և Իրանի միջև պատերազմը սկսվել է հունիսի 13-ի վաղ առավոտյան՝ իսրայելական օդուժի հարձակմամբ։ Պատերազմը շարունակվում է մեծ ինտենսիվությամբ՝ փոխադարձաբար պատճառելով մեծ ավերածություններ։
comment.count (0)