azatutyun.am: Այսօր ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի: Քննչական կոմիտեից «Ազատության»-ը տեղեկացրին, որ նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Քննչականից ասացին, որ այս գործով ևս մեկ անձի ձերբակալման որոշում կա: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, փողերի լվացման ինչ դեպք է, իրավապահ մարմինը չի մանրամասնում:
2018-ի հեղափոխությունից հետո 17 տարի Վանաձորը ղեկավարած Սամվել Դարբինյանի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, սակայն որևէ մեկով նա պատիժ չկրեց: Դրանց մի մասը հենց նախաքննության ընթացքում են կարճվել, մի մասն էլ դատարանում՝ վաղեմությունն անցնելու հիմքով:
Այս տարվա սկզբին դատախազությունը Ապօրինի գույքի բռնագանձման հայց ներկայացրեց դատարան, որն ընթացքի մեջ է: Վերջին դատական նիստը տեղի է ունեցել երեք օր առաջ: Դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ մանրամասներ չկան:
comment.count (0)