Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր |armenpress.am|
13:24 - 07 օգոստոսի, 2019

Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիայի խթանման ծրագրերի իրականացմանը. Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում կկառուցվեն արևային ֆոտովոլտային համակարգեր:

Օգոստոսի 7-ին, Ապարանի համայնքապետարանում, «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և «Ֆրիներջի» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգերը կկառուցի «Ֆրիներջի» ընկերությունը, որը Հայաստանի արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի մատակարարման, նախագծման և կառուցման ակտիվ դերակատարներից է ու ընտրվել է մրցութային կարգով ՝ հայտ ներկայացրած յոթ ընկերություններից:

Եվրամիությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում շատ կարևոր է համարում, ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից:

Ապարանում իրականացվելիք ծրագրի մեկնարկն արդեն տրված է և ձմռանն ընդառաջ համայնքապետարանի շենքը ու մշակույթի կենտրոնը համապատասխանաբար կունենան 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, ինչը հնարավորություն կտա մոտ 30 տոկոսով կրճատել էներգետիկ ծախսերը:

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում:

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել: Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար:

Ապարան քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն` քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել