Քիշնեւում Հայաստանի ԿԲ ներկայացուցիչը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը
08:42 - 11 հոկտեմբերի, 2019

Քիշնեւում Հայաստանի ԿԲ ներկայացուցիչը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը

Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կողմից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կազմակերպված «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը հանդես է եկել ազգային արժույթով վարկավորման վերաբերյալ ելույթով:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ ելույթում Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի քանի կարեւոր դրույթների. մասնավորապես՝ զարգացող երկրներում ազգային արժույթների ընկալման անհրաժեշտ փոփոխությունները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ազգային արժույթով ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը:

Խոսնակը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը, պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:

ՀԵԵՀ-ի մասին

Հանդիսանալով աշխարհում զարգացման ֆինանսական ամենախոշոր հիմնադրամներից մեկը՝ Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է դրել Հարավարեւելյան Եվրոպայում եւ Արեւելյան Հարեւանության տարածաշրջանում նպաստել տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը՝ ներդրումներ կատարելով միկրո եւ փոքր ձեռնարկություններում, ինչպես նաեւ բարելավված կենսապայմաններ ապահովել տնային տնտեսությունների համար:

ՀԵԵՀ-ն իր գործունեությունը սկսել է KfW Զարգացման Բանկի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) եւ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Որպես իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերություն՝ ՀԵԵՀ-ն իր կապիտալը ձեւավորում է նվիրատու գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից եւ մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից ստացվող միջոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել