Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|
18:22 - 15 դեկտեմբերի, 2020

Գնաճը կարագանա. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս բավականին կոշտ միջամտությունը պայմանավորված է գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկայում գնաճի տեմպն արագանալու է, և այս կերպ փորձում է զսպել այն։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։

Սակայն, երբ ԿԲ-ն բարձր գնաճի ռիսկեր է տեսնում, հակառակ կերպ է վարվում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փորձելով զսպել սպասվող գնաճը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։

ԿԲ-ն այս տարվա ընթացքում չորս անգամ՝ աստիճանաբար իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, 5.25%-ից դարձնելով 4.25%։ Սակայն, այսօրվա նիստում որոշել է կտրուկ քայլի գնալ՝ միանգամից 1 տոկոսային կետով այն բարձրացնելով։

Այս տարվա նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նույն ամսվա նկատմամբ) կազմել է 1.6%: Սակայն, առաջիկա ամիսներին, ըստ ԿԲ-ի գնաճը կարող է հասնել 4%-ի, որը թեև նպատակային մակարդակում է, սակայն հակազդելու անհրաժեշտություն կա։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է 12-ամսյա գնաճի՝ 4%+- 1.5% գնաճի միջակայքը։ Այսինքն, ըստ Կենտրոնական բանկի՝  գնաճի ցանկալի միջակայքը 2.5%-5.5%-ն է, որի պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ։

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն: Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ դրամի արժեզրկումը ներկայում պայմանավորված է բնակչության սպասումներով ու դրանից բխող վարքագծով։ Իսկ տնտեսության իրական հատվածում հոսքերի տեսանկյունից այս պահի դրությամբ խնդիրներ չի տեսնում։ Այսինքն՝ դրամի տատանումները տնտեսական գործընթացների հետևանք չեն. «Որևէ արտառոց բան չի նկատվել արտաքին առևտրի, տրանսֆերտների ու այլ ուղղություններով։ Հետևաբար՝ դրամի արժեզրկման վրա ազդում են բնակչության սպասումները»։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել